Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) արդեն նախկին պետ Ռոմանոս Պետրոսյանը Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահի որոշմամբ նշանակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) ժամանակավոր կառավարիչ:
Հանձնաժողովի նախագահ, նախկին ՔՊ-ական Մեսրոպ Մեսրոպյանին նման որոշում կայացնելու լիազորություն շաբաթներ առաջ խորհրդարանը տվեց: Եկեղեցուն պաշտպանած գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը զուգահեռ իշխանությունները հայտարարեցին նրա ընտանիքին պատկանող «ՀԷՑ»-ն ազգայնացնելու մասին: Հաշված օրերի ընթացքում նախագիծ մշակեցին ու միայն իշխանականների ձայներով ընդունեցին:
Օրենսդրական փոփոխությունը կառավարությանը հնարավորություն տվեց ընկերության նախկին խախտումների վերաբերյալ հաղորդում ներկայացնել կարգավորող մարմին, հանձնաժողովի նախագահն էլ վարույթ հարուցելու ու ժամանակավոր կառավարիչ նշանակելու միանձնյա լիազորություն ստացավ, չնայած փաստին, որ հանձնաժողովը կոլեգիալ արմին է, որոշումներն ընդհանուր են կայացվում:
Կառավարությունը հաղորդումը երեք օր առաջ է ներկայացրել, հանձնաժողովը մի քանի ժամ առաջ հրապարակեց վարույթ հարուցելու ու Ռոմանոս Պետրոսյանին ժամանակավոր կառավարիչ նշանակելու ծավալուն որոշումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՏԿԵՆ-ը հաղորդում է ներկայացրել ՀԾԿՀ ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալՀԷՑ-ը հայտարարում է՝ ընկերության դեմ քայլերը քաղաքական պատճառներով են, պայքարելու են իրավական ճանապարհով. -«Եթե պրոցեսը քաղաքական չի, նշանակվում է կառավարիչ, իշխող քաղաքական թիմի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ չունենալով որևէ մասնագիտական փորձ, մեկ օր անգամ չաշխատելով էս ընկերությունում, իսկ ընկերությունը սպեցիֆիկ է և՛ ռազմավարական լինելու առումով, և՛ իր մասնագիտական առումով»:
Ընկերության տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հայտարարում է՝ չնայած նոր ղեկավարի ենթակայության տակ են աշխատելու, հեռանալ չեն պատրաստվում. - «Կգա, կարծում եմ, կներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ, որ «ես էս մարդն եմ, եկել եմ էս որոշման հիման վրա», կուղեկցեն իր աշխատասենյակ, ենթադրվում է, տնօրենի, դրանից հետո արդեն կտեսնենք: Ես մեր ղեկավարության մեծ մասի անունից լիազորված եմ հայտարարելու, որ մենք մնում ենք այստեղ աշխատելու ի բարօրություն մեր ժողովրդի, ընկերության շահերը պաշտպանելու համար, առաջին հերթին, որպեսզի լինի ճիշտ, նորմալ աշխատանք, որովհետև հաշվի առնելով պետական համակարգերի... ոնց որ պետական համակարգն է կառավարել, կարծում եմ, այնպես էլ սա է կառավարելու, որը շատ հեռու է մեր կառավարումից»:
Նախորդ շաբաթ ընկերությունը վարչական դատարան է դիմել՝ հանձնաժողովից պահանջելով ձեռնպահ մնալ այս գործողություններից, մինչ կկայանա այս գործով առաջին նիստը կարգավոր մարմնի նախագահն արդեն կառավարիչ է նշանակել՝ 28 էջանոց փաստաթղթի վերջում գրելով, թե բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը: Դատելով քերականական ու սրբագրական սխալներից, այս տեքստն էլ է հապճեպ գրվել.
Ընդդիմությունն էլ այս գործողությունները Կարապետյաններից ՀԷՑ-ը խլելու փորձ է որակում, պատգամավորները դիմել են Բարձր դատարան՝ վիճարկելով հապճեպ ընդունված օրենքի սահմանադրականությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմությունը «ՀԷՑ-ի օրենքը» վիճարկում է Սահմանադրական դատարանումԿառավարությունը, մինչդեռ, պնդում է, թե ՀԷՑ-ն ազգայնացնելու գործընթացը Կարապետյանի հայտարարությունից առաջ է սկսվել, ընկերությունից դժգոհությունները նոր չեն. վարույթ հարուցելու անհրաժեշտությունը գործադիրը հիմնավորել է վթարների ու հոսանքազրումների աճով ու թվարկել մի շարք դեպքեր. մալուխների վնասման հետևանքով հրդեհ է բռնկվել, օդային գծերից մեկում կարճ միացման հետևանքով համակարգից անջատվել է Երևանի ՋԷԿ-ը և այլն: Ըստ կառավարության՝ գծերի մաշվածության պատճառով վթարային անջատումները հաճախակի են, վնասվել են հազարավոր քաղաքացիների սարքեր: Բացի այդ գործադիրի պնդմամբ՝ ՀԷՑ-ն իր պարտականությունների կատարման համար բավարար ջանքեր չի ներդրել, պաշտոնյաները խնդիրներ են նկատել նաև ՀԷՑ-ի գնումների գործընթացում, պնդում են՝ փոխկապակցված ընկերություններից իրական արժեքից էապես բարձր գներով ապրանքներ են ստացել:
Հատկանշական է, որ գործադիրի ներկայացրած պնդումներից որոշների համար հենց ընկերության տրամադրած տեղեկություններն են հիմք դարձել, օրինակ, թե քանի բողոք են ստացել:
Փաստարկներն ամփոփելով՝ կառավարությունը պնդել է, թե ՀԷՑ-ը չի կարող կարող ապահովել համակարգի անվտանգությունն ու սպառողների շահերի պաշտպանությունը:
Հարուցված վարույթի շրջանակում պետք է այս հաղորդումը քննեն, ժամանակավոր կառավարիչ էլ նշանակվել է անկախ հանգամանքից՝ գործադիրի պնդումներն ամբողջությամբ ճիշտ են, թե՝ ոչ:
Ի դեպ, ԵՊՀ աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտ ու էներգետիկ ոլորտում աշխատանքի փորձ չունեցող Ռոմանոս Պետրոսյանը հենց ՀԷՑ-ի հաշվին է վարձատրվելու, ընկերության գլխավոր տնօրենի աշխատավարձի չափով: