Սամվել Կարապետյանի «երթի գործով» քաղաքացու ձերբակալությունը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել. փաստաբան

«Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանության երթին մասնակցած Հակոբ Ալեքսանյանի ձերբակալությունը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել, «Ազատությանը» հայտնեց նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Ալեքսանյանը ձերբակալվել էր երթից հետո հարուցված քրգործի շրջանակում, քննչական կոմիտեն անցած շաբաթ հայտարարել էր՝ Սամվել Կարապետյանի պաշտպանության համար անցկացված երթին մարդկանց հարկադրաբար տանելու և գումարով շահագրգռելու դեպքեր են բացահայտել:

Քրգործը հարուցվել էր իշխանական մամուլում հայտնված ձայնագրությունների հիմքով: Ձերբակալվել ու կալանավորվել էին մի խումբ քաղաքացիներ: Այդ ձայնագրություններից մեկում նաև Տիգրան Հայրապետյանի պաշտպանյալի ձայնն էր լսվում: Նրան խոստանում էին գումար փոխանցել, որ երթից հետո Կալինինո վերադառնալու ճանապարհին սնունդ առներ:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը ձերբակալման արձանագրությունն անցած շաբաթ էր բողոքարկել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կարապետյանի պաշտպանության երթից առաջ ու այդ օրը զանգվածային ապօրինի գաղտնալսումներ են եղել. փաստաբան