Երևանի 22-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Այսօր Կինոյի տանն անցկացվեց փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, ժյուրին հայտարարեց մրցանակակիրների անունները:
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան» ստացավ Իգոր Բեզինովիչի «Ֆիումե կամ մա՛հ» (Խորվաթիա/Իտալիա/Սլովենիա) ֆիլմը։
«Արծաթե ծիրանի» արժանացավ Տատո Կոթեթիշվիլիի «Սուրբ էլեկտրականություն» (Վրաստան) կինոնկարը: Հատուկ հիշատակման արժանացավ Օլհա Ժուրբայի «Դանդաղ այրվող հողի երգեր» (Ուկրաինա/Դանիա/Շվեդիա/Ֆրանսիա) ֆիլմը։
«Ծիրանի կորիզ» մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ Գոռ Առուշանյանի «Մայրենիքը» (Հայաստան/Լեհաստան)։ Արծաթե ծիրանի արժանացավ Զաք Դեմիրճյանի «Օձի ապուրը» (Հայաստան)։ Հատուկ հիշատակման արժանացավ Արեգ Ազատյանի «Աշխարհը մերն ա» (ԱՄՆ/Հայաստան) ֆիլմը։
FIPRESCI-ի մրցանակ ստացավ Մորադ Մոստաֆայի «Այշան չի կարող թռչել հեռանալ» (Եգիպտոս/Սուդան/Թունիս/Սաուդյան Արաբիա/Կատար/Ֆրանսիա/Գերմանիա) ֆիլմը։
Տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակի արժանացավ Սեպիդե Ֆարսիի «Սիրտդ ձեռքդ առ ու քայլիր» (Ֆրանսիա/Պաղեստին) ֆիլմը։ «Արծաթե ծիրան» ստացավ Սայիդ Նուրիի «Թեհրան․ անավարտ պատմություն» (Իրան) ֆիլմը։ Հատուկ հիշատակման արժանացավ Զարդաշտ Ահմեդի «Տիգրիս գետի առյուծները» (Նորվեգիա/Նիդերլանդներ) ֆիլմը։
Փառատոնի հատուկ՝ «Փարաջանովի թալեր» մրցանակը կինոյում ունեցած վաստակի համար հանձնվեց ժյուրիի նախագահ, Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոյին։
«Փարաջանովի թալեր» մրցանակը հանձնվեց նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանին։
Փառատոնի մեկ այլ՝ հատուկ «Վարպետ» մրցանակը հանձնվեց հունական «Նոր ալիքի» համահիմնադիր, Յորգոս Լանթիմոսի վաղ շրջանի համահեղինակ, նշանավոր «Աթենբերգ» ֆիլմի ռեժիսոր, փառատոնի ժյուրիի անդամ Աթինա Ռախիլ Ցանգարիին։
Կինոփառատոնը փակվեց Հարություն Խաչատարյանի «Վերջին կայարանը» ֆիլմով։