Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան կոչ է արել բեդվինական ջոկատների զինյալներին պահպանել երկրի հարավում ԱՄՆ միջնորդությամբ հաստատված հրադադարը և դադարեցնել հարձակումները դրուզ փոքրամասնության վրա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայի տարբեր հատվածներից Սուեյդայի շրջան ժամանած բեդվինները մուտք են գործել դրուզներով բնակեցված թաղմասեր։ Իսրայելի կառավարությունը, որն ավելի վաղ հայտարարել էր, թե սիրիացի դրուզներին իր պաշտպանության տակ է առնում, համաձայնել է առաջիկա 48 ժամերին զերծ մնալ ուժի կիրառումից՝ չխոչընդոտելով Սիրիայի կառավարական ուժերի տեղակայմանը Սուեյդայի շրջանում։
Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի տեղեկություններով` Սուեյդայում զոհերի թիվը հասել է 940-ի։ Դրանց թվում են 262 խաղաղ դրուզներ, որոնցից 182-ը կառավարական ուժերի հաշվեհարդարի զոհ են դարձել։