Մատչելիության հղումներ

Ռուբիոն ամերիկացի դիվանագետներին կարգադրել է այլևս գնահատականներ չտալ այլ պետությունների ընտրություններին


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամերիկացի դիվանագետներին կարգադրել է այլևս գնահատականներ չտալ օտարերկրյա պետություններում անցկացվող ընտրություններին, այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ներքին գրությունը, որին ծանոթացել է լրատվամիջոցը։

Reuters-ը նշում է՝ գրության բովանդակությունն էականորեն տարբերվում է Վաշինգտոնի ավանդական մոտեցումից՝ խթանելու ազատ և արդար ընտրությունները արտասահմանում։

Հուլիսի 17-ի Պետդեպարտամենտի ներքին հեռագրով ԱՄՆ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին ուղարկված հրամանագրում մասնավորապես ասված է, որ պետքարտուղարությունը Վաշինգտոնի անունից այլևս չի հրապարակի ընտրությունների վերաբերյալ հայտարարություններ կամ գրառումներ սոցցանցերում, եթե չկա «հստակ և համոզիչ» արտաքին քաղաքականության շահագրգռվածություն։

«Երբ նպատակահարմար է մեկնաբանել օտարերկրյա ընտրությունները, մեր ուղերձը պետք է լինի կարճ, կենտրոնացած հաղթող թեկնածուին շնորհավորելու և, անհրաժեշտության դեպքում, ընդհանուր արտաքին քաղաքականության շահերը նշելու վրա», - ըստ լրատվամիջոցի՝ ասված է Պետքարտուղարության հեռագրում, որը նշագրված է որպես «զգայուն», բայց ոչ գաղտնի։

«Հաղորդագրությունները պետք է խուսափեն ընտրական գործընթացի արդարության կամ ամբողջականության, դրա օրինականության կամ տվյալ երկրի ժողովրդավարական արժեքների վերաբերյալ կարծիք հայտնելուց», - նշված է ամերիկյան դիվանագիտության ղեկավարի հրամանագրում։

Դրանում նաև ընդգծվել է, որ ընտրություններին վերաբերող հաղորդագրությունները պետք է լինեն կա՛մ անձամբ պետքարտուղարի անունից, կա՛մ նախարարության խոսնակից, արգելելով ԱՄՆ դիվանագետներին նման հայտարարություններ անել առանց գերատեսչության բարձրաստիճան ղեկավարության հստակ համաձայնության։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG