Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) ներկայումս ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները, ինչի մասին նախապես տեղեկացված են եղել նաև գործընկերները, «Ազատությանը» հայտնեց ՄՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը։
«Հանձնաժողովը իր լիազորությունների շրջանակում աջակցում է նաև տնտեսվարողների առջև ծառացած խնդիրների լուծմանը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս», - նշեց նա։
Հեղուկ գազը վերջին օրերին ավելի է թանկացել՝ որոշ լցակայաններում լիտրն արդեն վաճառվում է 180 դրամով: Ու մինչ շուկայի խաղացողներն ու սպառողները խնդրի կարգավորմանն են սպասում, բեռնափոխադրողներն անանուն մնալու պայմանով ահազանգում են՝ Վրաստանում հայ վարորդներից կաշառք են պահանջում:
Այս օրերին քիչ չեն նաև պնդումները, թե վառելիք վաճառողները փորձում են գերշահույթ ստանալ: Մրցակցությունը պաշտպանող հանձնաժողովից ավելի վաղ նշել էին՝ շուկան ազատ է, ներկրողները՝ շատ, հակամրցակցային պայմանավորվածությունների ռիսկն էլ՝ ցածր: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից էլ հայտնում են, թե իրենք գները վերահսկելու գործառույթ չունեն: